Եվրախորհրդարանը հրատապ բանաձեւ է ընդունել Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերաբերյալ՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով

Եվրախորհրդարանը հրատապ բանաձեւ է ընդունել Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերաբերյալ՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով

Եվրախորհրդարանը Բաքվում ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների վերաբերյալ արտակարգ ընթացակարգով ընդունված բանաձևում դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։

523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց նկատմամբ կեղծ դատավարությունները» վերնագրով բանաձեւը։

Եվրախորհրդարանի բանաձեւում ասվում է.

– հաշվի առնելով Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,

– հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան,

– հաշվի առնելով Ժնևի կոնվենցիան՝ կապված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հետ,

– քանի որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են Հայաստանի Հանրապետության 23 քաղաքացիների և ծագումով հայ մարդկանց կալանավորումը, մինչդեռ իրավապաշտպաններն արձանագրել են հայ գերության առնվազն 80 հաստատված դեպք,

քանի որ կան արժանահավատ տեղեկություններ Բաքվում պահվող հայ բանտարկյալների նկատմամբ բռնության, հոգեբանական խոշտանգումների և անարդար դատավարությունների մասին, այդ թվում՝ յոթ անձանց, ովքեր արդեն դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման՝ անարդար դատավարություններից հետո, նկատի ունենալով, որ 2025 թվականի հունվարի 17-ից տասնվեց կալանավորներ, այդ թվում՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներ, ենթարկվել են անարդար դատավարությունների՝ չունենալով թափանցիկություն և պատշաճ ընթացակարգ, նկատի ունենալով, որ 2023 թվականի սեպտեմբերից անազատության մեջ գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը 2025 թվականի փետրվարի 19-ին հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի իր անօրինական կալանավորման և դատավարության դեմ, Հաշվի առնելով, որ մի շարք զեկույցներ բացահայտում են Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, որոնք հանդիսանում են միջազգային իրավունքի, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի (III) լուրջ խախտումներ,

Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։

Հայտնում է իր խորը մտահոգությունը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի առնչությամբ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ:

Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Կոչ է անում ԵՄ-ին և միջազգային կազմակերպություններին հեշտացնել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայումը կալանավորների բարեկեցությունը գնահատելու համար։

Շեշտում է դիվանագիտական ​​ջանքերի հրատապությունը՝ հայ քաղբանտարկյալների ազատ արձակման, նրանց պաշտպանության և վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

Կոչ է անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների բացահայտված խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ։

Խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի գործակալությունների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, որը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիտորինգի մեխանիզմներին։

Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հալածանքների և էթնիկ զտումների դեպքերը։

Ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որով պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում անօրինական կերպով ձերբակալված բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձեւը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը: https://www.armtimes.com/hy/article/309507

Գրիգոր Ամիրզայեան